Եվրամիությունը քննադատության է ենթարկել ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը՝ կապված «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության հակազդմանն ուղղված Վաշինգտոնի պատժամիջոցների հետ: Հուլիսի 17-ին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է DW-ն:
Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը սահմանել է կամ սպառնում է սահմանել, հարվածում են եվրոպական ընկերություններին, որոնք «լեգիտիմ բիզնես» են վարում, շեշտել է Բորելը: Նա խոր մտահոգություն է հայտնել եվրոպական ընկերությունների եւ նրանց շահերի դեմ պատժամիջոցների կիրառման հաճախակիացած դեպքերով: «Եվրոպական քաղաքականությունը պետք է որոշվի Եվրոպայում, այլ ոչ թե երրորդ երկրների կողմից»,- նշել է նա:
Ավելի վաղ գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեն, որը լոբբիստական կազմակերպություն է եւ ռուսական շուկայում աշխատող Գերմանիայի ֆիրմաների շահերն է ներկայացնում, վրդովմունքով էր արձագանքել Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության նախագծի մասնակիրցների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքին: «ԱՄՆ-ն ոտնատակ է անում ազատ եւ արդարացի մրցակցությունը ու առանց խղճի խայթի պատժամիջոցներն օգտագործում է սեփական տնտեսական շահերն առաջ մղելու համար»,- նշված էր հինգշաբթի տարածված հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի նոր պատժամիջոցներով էր սպառնացել «Հյուսիսային հոսք-2» նախագծի մասնակիցներին: Նախագծի մասնակիցների վրա կտարածվի 2017 թվականի CAATSA օրենքը՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին», Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում ասել էր նա: «Հստակ նախազգուշացում ձեռնարկություններին՝ նախագծից դուրս եկեք կամ վտանգվում եք ստանալ տհաճ հետեւանքներ»,- ասել էր Պոմպեոն: Նա հստակեցրել էր, որ լրացուցիչ պատժամիջոցները կառնչվեն ոչ միայն «Հյուսիսային հոսք-2»-ին, այլ նաեւ «Թուրքական հոսք»-ի մի մասին:





























