Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի ղեկավարությունը հանկարծակիի է եկել տեղական անկախ մամուլում հայտնված հրապարակումների պատճառով, ըստ որոնց` մի քանի տարի առաջ Հայաստանից հարկադիր տեղահանվածների ունեցվածքի մասին փաստաթղթերն այրվել են:

Գերատեսչության ղեկավար, փոխվարչապետ Ալի Հասանովը մամուլի ասուլիս է հրավիրել անմիջապես «Ենի Ազերբայջան» կուսակցության գրասենյակում, եւ անկախ լրագրողներին մեղադրել է հակապետական գործունեության մեջ:

Հասանովը փորձել է հավաստիացնել, թե նման փաստաթղթեր իրենք չեն էլ ունեցել: Նրա խոսքով, տվյալ տեղեկատվության տարածումը ոչ այլ ինչ է, «քան Հայաստանից տեղահանվածներին իշխանությունների դեմ հանելու փորձ»:

Տեղական մամուլում նշվել էր, որ նոր շենք տեղափոխվելիս փաստաթղթերն այրվել են: Այդ փաստաթղթերի առկայությունը լրջորեն խանգարում էր Ադրբեջանի իշխանություններին ուռճացնել տեղահանվածների թիվը, քանի որ դրանք վկայում էին իրական տվյալների մասին: