Բաքվի կողմից Հայկական ատոմակայանին հրթիռներով հարվածելու սպառնալիքները Հայաստանը դիտարկում է որպես պետական եւ միջուկային ահաբեկչություն։ Այս մասին հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ ատոմակայանին հարվածելու այս անհավանական գաղափարի մասին բարձրաձայնել էր Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:
ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին տեղեկացրել է հայկական ատոմակայանին հարվածներ հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների մասին:
«Մենք նման սպառնալիքները դիտարկում ենք որպես ցեղասպան մտադրությունների դրսեւորում: Հատկանշական է, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ է անում՝ մտահոգություն հայտնելով կայանի վիճակի վերաբերյալ եւ անմիջապես սպառնում է ոչնչացնել: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի «մտահոգությունը» մանիպուլյատիվ բնույթ է կրում»,- ասել է Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրոպայում «լսել են» Բաքվից այն հայտարարություննեը, որ Հայաստանը, իբր, փորձում է վնասել Եվրոպայի էներգետիկ համակարգին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ եվրոպական ներկայացուցիչները որեւէ նման բան չեն բարձրաձայնել: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից նման մեղադրանքները մանիպուլյատիվ բնույթ են կրում, քանի որ հենց Ադրբեջանն է փորձում ուժ կիրառել:




























