Չինական Huawei հեռուստահաղորդակության կորպորացիայի սարքավարումները կիրառելու հրաժարումից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է Ճապոնիային 5G անլար ցանց ստեղծելու համար, կիրակի հաղորդում է Nikkei թերթը։
Թերթի տեղեկություններով՝ համապատասխան հարցումն ուղարկվել էր ավելի վաղ այս շաբաթ։ Բրիտանացի պաշտոնյաները նաեւ խորհրդակցել էին ճապոնական կողմի հետ այդ հարցի շուրջ։ 5G ցանցի ստեղծմամբ եւ տեխնոլոգիաների կատարելագործմամբ Մեծ Բրիտանիայում կարող են զբաղվել NEC եւ Fujitsu ընկերությունները։
Nikkei-ը նշում է, որ այժմ Huawei, Ericsson եւ Nokia ընկերությունները վերահսկում են 5G բազային կայանների համաշխարհային շուկաների շուրջ 80 տոկոսը, մինչդեռ NEC-ը եւ Fujitsu-ն՝ ընդամենը 1 տոկոսը։ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը կարող է ընդլայնել ճապոնական ընկերությունների բաժինն այդ սեգմենտում։
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ կհատկացնի 70 մլրդ իեն (654 մլն դոլար) NEC եւ 5G ցանցեր զարգացնող մյուս կորպորացիաներին աջակցելու համար։ Երեք գլխավոր ճապոնական բջջային օպերատորները՝ NTT Docomo-ն, Softbank-ը եւ KDDI-ն, արդեն անցել են հինգերորդ սերնդի կապի ձեւաչափին։ Սակայն ծածկույթը դեռեւս խիստ սահմանափակ է, եւ ամբողջ երկրում այն տարածելու համար դեռեւս ժամանակ է պահանջվում։
Հուլիսի 14-ին Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է հրաժարվել Huawei-ի սարքավորումներից կապի ազգային ենթակառուցվածքում։ 2027 թվականին այդ արտադրողի 5G արտադրանքը կփոխարինվի այլ ձեռնարկությունների անալոգներով։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չույնը խոստացել է, որ Պեկինը կպաշտպանի իր ազգային ընկերությունների շահերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որ Huawei-ի հետ թագավորության համագործակցությունն իբրեւ սպառնում է ազգային անվտանգությանը։ ամերիկյան կողմը մատնանշել է նաեւ, որ չինական կորպորացիայի սարքավորումների կիրառումը բրիտանական կապի ենթակառուցվածքում կարող է դժվարացնել տեղեկատվության փոխանակումը «Հինգ աչքեր» (Five Eyes) հետախուզական միության գծով։





























