Քանի որ Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային եւ ծովային տարածքը եւ նախատեսում է նավթ եւ գազ արդյունահանել Կրետե կղզում, Հունաստանի կառավարությունը ծրագրում է ամրապնդել իր պաշտպանությունը եւ բանակցություններ է վարում իր դաշնակից Ֆրանսիայի հետ՝ երկու ժամանակակից Belharra ռազմանավ ձեռք բերելու համար, գրում է National Herald-ը:
Ռազմանավերի ձեռքբերման մասին հայտարարվել էր 2019-ի հոկտեմբերին, երբ պաշտպանության նախարարներ Նիկո Պանայոտոպուլոսը եւ Ֆլորենս Փարլին նամակ էին ստորագրել 750 միլիոն եվրո արժողությամբ նավերի գնման մասին։
Պանայոտոպուլոսն ասել է, որ դեռ «երկար ճանապարհ կա անցնելու»՝ նախքան Հունաստանի համար ռազմանավերի կոնֆիգուրացիայի համաձայնեցումը՝ նշելով, որ դրանք նույնը չեն լինի, ինչ կառուցվել են Ֆրանսիայի նավատորմի համար:
Հունաստանը ցանկանում է 10 տարվա ընթացքում մարել նավերի գնման գումարը՝ տարեկան 300 միլիոն եվրո յուրաքանչյուրի համար։
Նշվում է, որ ֆրանսիական նավերն տեխնոլոգիական առավելություն կտան Հունաստանին։
Ներկայիս լարվածության հաղթահարման համար Հունաստանը ցանկանում է համոզվել, որ իր ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը պատրաստ են հաղթանակ տանել ցանկացած հակամարտությունում՝ մտավախություն ունենալով, որ պատահական միջադեպը կարող է պատերազմի հանգեցնել:
Կառավարությունը ակնկալում է ավելի շատ հրթիռներ ձեռք բերել, եւ այժմ բանակցություններ են ընթանում կործանիչների եւ ուղղաթիռների, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի համար զինման համակարգերի աջակցության վերաբերյալ:





























