«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «տեղծագործականություն եւ երեւակայություն» նոր մանկական ծրագիր:
«ԱրմենՏելից» NEWS.am-ին հայտնում են, որ «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» ծրագրի շրջանակում 6-ից 12 տարեկան երեխաները կծանոթանան ճանաչված չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի աշխատանքներին: Երեխաներին կցուցադրվի արվեստագետի կողմից պատրաստված մուլտֆիլմ, որում ներկայացվում է արվեստի գործի ստեղծման գործընթացը` մտահաղացման ի հայտ գալուց մինչեւ իրականացումը: Այնուհետեւ, երեխաներին հնարավորություն կընձեռվի հատուկ խաղ-դասերի ժամանակ ստեղծել իրենց սեփական աշխատանքները:
«Այս նախագիծը բացառիկ է, քանի այն որ թույլ է տալիս երեխաներին, ոչ միայն դիտորդի կարգավիճակում շփվել արվեստի գործերի հետ, այլ նաեւ ստեղծել իրենց սեփականը: Հենց այս ինտերակտիվ եւ անհատական մասնակցության ձեւը, կարծում եմ, ամենաշատը կհետաքրքրի պատանի նկարիչներին»,- ասել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» ծրագրին մասնակցությունն անվճար է: Ծրագրին կարող են մասնակցել երեխաները եւ նրանց ընտանիքների անդամները: Դասերը տեղի կունենան երեքշաբթի եւ շաբաթ օրերին, սկսած 2011թ-ի մայիսի 14-ից: Ծրագրին մասնակցելու համար կարելի է դիմել Գաֆէսճեան արվեստի կենտրոն` 010541932 եւ 010541934 հեռախոսահամարներով:




























