ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու Ֆրենկ Փալոնեի առաջարկությանը, որը Պենտագոնի արտաքին օգնության ծրագրերի թափանցիկության ապահովում է պահանջում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ փոփոխությունը կներառվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բլոկային փաստաթղթերի փաթեթում: Փոփոխությունը պաշտպանության նախարարությունից պահանջում է ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի վերաբերյալ զեկույց ներկայացնել Կոնգրեսին:

Այս զեկույցում կներառվեն նաեւ մարդու իրավունքների նախապատրաստման բարելավմանն ուղղված առաջարկություններ եւ լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել նման խախտումները կանխելու համար:

Ինչպես նշում է փորձագետ Սուրեն Սարգսյանը, թեեւ փաստաթղթում Ադրբեջանը նշված չէ, այն լիովին կապված է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների հետ: Նա հիշեցրել է, որ վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ «Սենատը առջեւում է»,- գրել է նա Facebook-ի իր էջում: