Չորսօրյա բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները համաձայնության են հասել տնտեսության վերականգնման 750 մլրդ եվրո գումարով ֆոնդի հարցում:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքով՝ այս գործարքը կդիտարկվի որպես Եվրոպայի համար «առանցքային պահ»:

«Եվրոպան հիմա ընդհանրապես ճգնաժամից ուժեղ դուրս գալու մեծ հնարավորություններ ունի»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Առջեւում շատ աշխատանքներ ունենք, բայց սա դեպի վերականգնումը կատարած մեծ քայլ է»,- ասել է նա:

ԵՄ առաջնորդները հուլիսի 17-ին բանակցություններ են սկսել քննարկելու համար առաջարկվող ֆոնդը եւ ԵՄ հաջորդ բյուջեն: Սակայն խոր հակասությունները այն հարցերի վերաբերյալ, թե գումարն ինչպես բաշխեն դրամաշնորհների եւ փոխառությունների միջեւ, ինչպես վերահսկեն իրենց ներդրումները եւ դրանք ինչպես կապեն ԵՄ ժողովրդավարական արժեքների հետ, բանակցությունները երկարաձգել են:

Ինչ վերաբերում է մյուս միջոցառումներին, ԵՄ-ն արդեն հավանություն է տվել 540 մլրդ եվրո գումարով կարճաժամկետ ֆինանսական խթանների փաթեթին՝ շարունակվող տնտեսական ցնցումը հաղթահարելու համար:

Դրանից բացի, Եվրոպական կենտրոնական բանկը պետական պարտատոմսեր է գնում արտահերթ գնումների իր ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,35 տրլն եվրո: