ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին շարունակվել է փաստաբանների միջնորդությունների քննումը:
Նախորդ նիստին նախկին նախագահի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատարանում հաջորդ հարցաքննման համար մի շարք անձանց՝ վկաների ցուցակում ընդգրկելու մասին։
Մասնավորապես, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի այժմ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին եւ Սահմանադրական դատարանի մի շարք դատավորներին՝ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին եւ Կիմ Բալայանին, որոնք քննել են նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքը, հրավիրելու մասին: Փաստաբանը նաեւ միջնորդել էր Սամվել Մայրապետյանին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին դատարան հրավիրելու մասին, ովքեր ստորագրել էին մեղադրանքի համար կարեւոր 0038 հրամանը։
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել համապատասխան ցուցակի մեջ Մանվել Գրիգորյանին, Գեւորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Արթյունյանին, Արմեն Հակոբյանին ներառելու մասին։
Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել ցուցակում Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին ներառելու մասին։
Դատախազությունը եւ տուժած կողմը դեմ են արտահայտվել: Դատախազության կարծիքով՝ դեռ վաղ է քննարկել Ալումյանի եւ Պողոսյանի միջնորդությունները, քանի որ գործի նյութերն ուսումնասիրված չեն, ոչինչ ապացուցված կամ հերքված չէ: Միգուցե կգա ժամանակը, եւ մենք ինքներս կսատարենք նման միջնորդությանը, նշեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Մեժլումյանի միջնորդությանը, ապա դատախազությունը դեմ է մասնագիտական հարցը դատարանում քննարկելուն (փաստաբանը միջնորդել էր հոդվածն ընդունած պատգամավորներին հրավիրելու մասին): Դատախազի խոսքով՝ եթե բանավեճ կազմակերպել դատարանում, ապա պետք է հրավիրել եվրոպական փորձագետների:
Կողմերին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել միջնորդությունների քննումը մինչեւ մեղադրական եզրակացության վերջին մասի հրապարակումը եւ հանգամանքների պարզաբանումը:





























