Թուրքիան կշարունակի մնալ հարեւան Սիրիայում, քանի դեռ նրա ժողովուրդը ազատություն եւ անվտանգություն ձեռք չի բերել: Նման հայտարարություն է երեքշաբթի օրն արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կշարունակենք մնալ այս երկրում, քանի դեռ մեր եղբայրական հարեւան Սիրիայի ժողովուրդը ազատություն եւ խաղաղություն ձեռք չի բերել: Այժմ նրանք Սիրիայում այսպես կոչված ընտրություններ են անցկացնում: Կարո՞ղ են արդյոք այդպիսի ընտրություններ տեղի ունենալ: Որտե՞ղ են այն երկրները, որոնք կխոսեին ժողովրդավարության մասին», - ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:
Մեկնաբանելով Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրությունները՝ Էրդողանը նշել է, որ «Թուրքիան ստիպված էր բարեխոսել ճնշվածների համար եւ բողոք արտահայտել տեղի ունեցողի կապակցությամբ»:
Սիրիայի ժողովրդական խորհրդի ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 19-ին՝ բազմակուսակցական հիմունքներով եւ 2012 թվականի փետրվարի 26-ին հանրաքվեով հաստատված սահմանադրության համաձայն: Խորհրդարանական 250 տեղի համար պայքարել է 1.656 թեկնածու, այդ թվում՝ 200 կին:





























