Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մոսկվա իր 30-րդ ընթացիկ այցով ռեկորդ է սահմանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Շատ շնորհակալություն 30-րդ անգամ ձեր հյուրընկալության համար: Կարծում եմ, որ ես արտգործնախարարների մեջ ռեկորդ եմ սահմանել Ռուսաստան կատարած այցերի թվով»,- ժպտալով ասել է Զարիֆը՝ նախքան իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները սկսելը:
Իրանի պատվիրակության բոլոր անդամները, այդ թվում՝ Զարիֆը, պաշտպանիչ բժշկական դիմակներով են ժամանել բանակցությունների: Սակայն Լավրովին առանց դիմակի տեսնելով՝ Զարիֆը հանել է իր դիմակը:
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները «այսօր ամենալավն են վերջին տասնամյակների ընթացքում»:
«Մենք շատ հուսով ենք, որ այս հարաբերությունները հնարավորինս ուժեղ կզարգացնենք, ինչպես նաեւ ավելի կառուցողական կդարձնենք երկարաժամկետ հեռանկարում: Եվ դա, անշուշտ, օգուտ կբերի մեր երկու երկրներին: Այս հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաեւ խաղաղություն եւ անվտանգություն կբերեն տարածաշրջանում»,- եզրափակել է Զարիֆը:





























