«Kill Dim» հայտնի կարճամետրաժ մուլտիպլիկացիոն սերիալը  հնարավոր է կրկին հանրության դատին հանձնվի։ Մուլտիպլիկատոր Հայկ Սահակյանցը NEWS.am-ի հետ զրույցում չբացառեց, որ վերջին օրերին սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ  նոր  «Kill Dim»-ներ կստեղծվեն։

«Միշտ էլ գաղափար ունենք ««Kill Dim»-ներն անելու, ուղղակի պետք է դրա կարիքն ավելի զգանք, ինչ-որ արդիական թեմա գտնենք, որովհետև շատ անգամ կրկնվել ենք որոշ թեմաներում, բայց  առհասարակ պլանավորում ենք»,- ասաց Հայկ Սահակյանցը։

Նրա խոսքով՝ դեռ հստակ չէ, թե ե՞րբ և ի՞նչ ձևաչափով է լինելու, էսքիզներ՝ չկան, սցենարի մասին են մտածում։

Հայկ Սահակյանցից հետաքրքվեցինք նաև, թե ինչո՞վ  է պայմանավորված, որ  այս ընթացքում շատերի կողմից սիրված «Kill Dim»-ների պրոյեկտը դադարեցված էր, ինչին ի պատասխան մուլտիպլիկատորն ասաց, որ երբ յութուբյան իրենց էջը ջնջվել էր,  որոշ բարդություններ առաջացան։

«Փորձում էինք այդ հարթակը վերականգնել, բայց չստացվեց ։ Նոր ալիք բացեցինք, որ կրկին ջնջվեց։ Հիմա միայն ֆեյբուքում կանք»,- ամփոփեց նա։

Այնուամենայնիվ, հայ–ադրբեջանական սահմանային վերջին էսկալացիայի օրերին «Kill Dim»-ն ուրախացրել է իր ֆեյսբուքյան հետևորդներին մի քանի ծաղրանկարներով, և տեղադրել «Kill Dim blitz»   հոլովակը։