«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին չի բողոքարկել մրցույթի կիսաեզրափակչի արդյունքները: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Էմմիի մայրը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

«Սիրելինե՛րս, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են առ այսօր, ովքեր հավատացել և հավատում են Էմմիին։ Ուզում եմ ասել, որ Էմմին չի բողոքարկել, որովհետև «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հանրային հեռուստատեսությունն է, միայն «Հ1»-ը կկարողանա ինչ-որ գործողություն անել, որը նույնպես չի բողոքարկել: Մանրամասները` մամլո ասուլիսի ժամանակ, երբ կվերադառնան»,- գրել է Նադեժդա Սարգսյանը:

Նշենք, որ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները: Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Նշենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն գրավեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները` 10-րդ հորիզոնականը, իսկ 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդ հորիզոնականը: Էմմի մենեջերը NEWS.am-ի թղթակցին ասել էր, որ մեր եւ եւս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն`նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, sms-ներ չեն կարողացել ուղարկել: Հայկական պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 16-ին, իսկ վաղը` մայիսի 14-ին կկայանա Եվրատեսիլ-2011-ի եզրափակիչ փուլը: