ԱՄՆ-ն պահանջել է փակել Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը  Հյուսթոնում: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հուլիսի 21-ին ԱՄՆ-ն կտրուկ պահանջել է Չինաստանից փակել ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում: Միացյալ Նահանգների կողմից միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային օրենսդրությունը եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ՝ հյուպատոսական համաձայնագիրը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ»,- ասել է նա:

Դիվանագետը հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվեն Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջից:

«Չինաստանը խստորեն դատապարտում է այդ վիրավորական եւ չարդարացված քայլը (Գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջը), որը կխաթարի չին-ամերիկյան հարաբերությունները: Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում անհապաղ հետ վերցնել իրենց սխալ պահանջը, հակառակ դեպքում Չինաստանը իրավական եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ասաց նա:

Ավելի վաղ այս մասին Twitter-ի իր էջին հայտնել էր չինական Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:

«ԱՄՆ-ն Չինաստանից խնդրել է փակել ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում 72 ժամվա ընթացքում»,- գրել է նա: