Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ Լիբիայում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի Անկարայում անցկացվող խորհրդակցություններից հետո: Դրա տեքստը տեղադրված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում:

«Պայմանավորվեցինք քննարկել Լիբիայի հարցով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը եւ մոտ ժամանակներս Մոսկվայում անցկացնել խորհրդատվությունների հերթական փուլը»,- ասվում է փաստաթղթում:

Կողմերը նաեւ վերահաստատել են անխաթար նվիրվածությունը Լիբիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ նշելով ահաբեկիչների եւ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակելու երկկողմ համագործակցությունը երկրում անվտանգության եւ կայունության հասնելու, ինչպես նաեւ մարդասիրական իրավիճակի բարելավման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Մոսկվան եւ Անկարան նաեւ վստահ են, որ Լիբիայում հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ կարող է կարգավորվել միայն քաղաքական գործընթացի միջոցով, որից տեղյակ են եւ իրականացնում են հենց լիբիացիները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ»: «Պայմանավորվեցինք շարունակել համատեղ ջանքերը, ներառյալ լիբիական կողմերի վրա ազդելը, որպեսզի պայմաններ ստեղծեն Լիբիայում երկարատեւ եւ կայուն հրադադարի համար»,- ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի ներկայացուցիչները խորհրդակցությունների արդյունքներով պայմանավորվել են նպաստել միջլիբիական քաղաքական երկխոսության առաջընթացին՝ համաձայն այս տարվա հունվարին կայացած Բեռլինի համաժողովի արդյունքների: