Կորոնավիրուսի համար Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի երրորդ թեսթը դրական է եղել, հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրությունը:

«Նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախկինի պես ողջ-առողջ է, նրան հետեւում են բժիշկները... Նախօրեին, հուլիսի 21-ին, նախագահի հանձնած թեսթը դրական արդյունք է ցույց տվել»,- վարչակազմի հաղորդագրությունն է մեջբերում պորտալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին անգամ հիվանդությունը Բրազիլիայի ղեկավարի մոտ ախտորոշվել է հուլիսի 7-ին, որից հետո նա մեկուսացված է իր պաշտոնական նստավայրում:

Բոլսոնարուն մի քանի անգամ սոցիալական ցանցերում լուսանկար է տեղադրել, որտեղ նա նախաճաշում է, սուրճ է խմում կամ կերակրում է ջայլամներին՝ ցույց տալով իր լավ ինքնազգացողությունը:

Կիրակի օրը նա իր մի քանի հարյուր համախոհների ընդունել էր պալատական պարտեզներում: Efe գործակալության կողմից տարածված տեսանյութում երեւում է, որ նախագահին եւ հավաքվածներին բաժանում է միայն նեղ լճակը։ Ուղերձի ժամանակ ինչ-որ պահի Բոլսոնարուն նույնիսկ հանում է դիմակը:

65-ամյա նախագահը խստորեն քննադատում է բրազիլական նահանգներում առեւտուրն ու ծառայությունները սահմանափակող կանոնները, որոնք սահմանվել են COVID-19 կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի համար, եւ պաշտպանում է «ուղղահայաց մեկուսացման» անհրաժեշտությունը, որի համաձայն տանը պետք է մնան միայն ռիսկի գոտում գտնվող եւ 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները: Մարտին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չի կարող կոտրել իրեն, եւ ԱՀԿ-ի կողմից հայտարարված համավարակի ֆոնին հիվանդությունն անվանել էր «ոչ մեծ գրիպ»: