Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ղեկավարությանը, որն առաջինը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Մոնտեվիդեոյից Բուենոս Այրես մեկնելուց առաջ Գարեգին Բ-ն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:
Հարցազրույցում կաթողիկոսը ամփոփել է Ուրուգվայի բարձրաստիճան ղեկավարների հետ իր հանդիպումները. «Մեր գնահատանքը, մեր օրհնությունը փոխանցեցինք իրենց, մեր շնորհակալությունը հայտնեցինք նրանց այն հոգատար վերաբերմունքի համար, որ իրենք դրսեւորում են հայ համայնքի նկատմամբ, ինչպես նաեւ մենք մեր շնորհակալությունը հայտնեցինք, ի դեմս մեր հավատավոր զավակների, Ուրուգվայի իշխանություններին, որ եղան առաջին պետությունը, ովքեր ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը»:
Մանրամասնելով Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպման բովանդակությունը` Գարեգին Բ-ն ասաց. «Ինքը մեծ համակրանք է տածում հանդեպ հայ ժողովուրդը, ուրախությամբ հիշատակեց իր այցը Հայաստան եւ ոգեւորությամբ ու խանդավառությամբ պատմեց, մասնավորապես` հիշեց Մատենադարանը, այնտեղ պահվող մեր ձեռագրերը, մեր մշակույթը բարձրորեն գնահատեց: Զրուցեց նաեւ եկեղեցու, քրիստոնեական հավատքի կարեւոր դերակատարության մասին ներկա աշխարհում, ժողովուրդների կյանքում: Եվ նաեւ անդրադարձ ունեցավ գոհունակությամբ այն կարեւոր ներդրումին, որ այստեղ կայք հաստատած հայորդիք բերում են Ուրուգվայի երկրի կյանքի առաջընթացին»:
Մուխիկան 1970-ականներին այցելել է խորհրդային Հայաստան եւ մնացել բավական երկար` մի քանի ամիս:
Ուրուգվայից Արգենտինա մեկնելուց առաջ Վեհափառը օրհնել է Մոնտեվիդեոյի միջազգային օդանավակայանը եւ Հայաստանից բերված մի խաչքար, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը տեղադրել է ի հիշատակ ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Արամ Չուլջյանի, ով մի քանի տարի առաջ հանկարծամահ է եղել:
Ագրեգին Բ-ն արդեն ժամանել է Բուենոս Այրես, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում նրան ընդունել են հազարավոր հավատացյալներ:
Հարավային Ամերիկա հովվապետական այցը սկսվել էր Բրազիլիայից: Նա այցելելու է նաեւ Վենեսուելա եւ Չիլի:





























