Լիբանանում Հայաստանի դեսպանությունում մայիսի 12-ին կազմակերպվել է ընդունելություն` նվիրված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը:
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը համոզմումք է հայտնել, որ նորաստեղծ կառույցը` շնորհիվ ասոցիացիայի նախագահ, գործարար Պիեռ Ֆատուշի եւ հիմնադիր անդամների նվիրվածության եւ ջանքերի, մեծապես կնպաստի հայ-լիբանանյան հարաբերությունների ակտիվացմանը հատկապես` առեւտրատնտեսական, զբոսաշրջության, ներդրումների խրախուսման ուղղություններով: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ նորաստեղծ ասոցիացիայի անդամներն են ոչ միայն լիբանանահայ գործարարները, այլեւ Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած «Բիբլոս» եւ «Քրեդիտ» բանկերի պաշտոնյաներն ու անհատ ձեռներեցները:
Բեյրութի եւ Լեռնային Լիբանանի առեւտրատնտեսական եւ գյուղատնտեսության պալատի նախագահ, նաեւ ասոցիացիայի հիմնադիր անդամ Մոհամմեդ Շքեյրը հավաստիացրել է, որ առեւտրատնտեսական եւ գյուղատնտեսության պալատը պատրաստ է աջակցելու ասոցիացիային բոլոր հարցերում:
Միջոցառմանը ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, ԱԳՆ-ից:





























