ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան քաղաքներ ուղարկել զգալի դաշնային ուժեր «Լեգենդ» գործողության շրջանակում հանցավորությունը ճնշելու համար, փոխանցում է BBC-ն:
Թրամփն ասել է, որ ինքն ընտրության այլ ելք չունի եւ ստիպված է դաշնային իրավապահ մարմինների հարյուրավոր աշխատակիցների ուղարկել Չիկագո եւ այլ քաղաքներ, որոնք ղեկավարում են դեմոկրատ քաղաքապետերը, եւ որտեղ բռնկված են անգվածային անկարգություններ:
Լրացուցիչ ուժեր են ուղարկվելու Ալբուկերկե եւ Կանզաս Սիթի: Ավելի վաղ իրավակարգի պահպանման դաշնային ուժերն ուղարկվել էին Փորթլենդ, որի քաղաքապետը հայտարարել էր, որ դա միայն վատթարացրել է ցույցերի պատճառով ստեղծված առանց այն էլ ծանր վիճակը:
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, մամուլի ասուլիսի ժամանակ միանալով Թրամփին, հայտարարել է, որ Կանզաս Սիթի է ուղարկվել մոտ 200 դաշնային գործակալ, գրեթե նույնքան էլ կուղարկվի Չիկագո եւ մոտ 35 գործակալ կգնա Ալբուկերկե:
Կառավարությունը նաեւ 60 մլն դոլար է հատկացնում որպես դաշնային դրամաշնորհ, որոնք ծախսվելու են այն քաղաքներում լրացուցիչ թվով ոստիկանների ընդունելու համար, որտեղ նկատվում է հանցավորության ալիք:
Առաջիկա ընտրությունների ֆոնին Թրամփը որոշել է խաղադրույք կատարել օրենքի խախտումների հանդեպ անհանդուրժողականության վրա:
Մինեապոլիսում ձերբակալելիս սեւամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ամբողջ երկրում ծավալվել էր բողոքի ցույցերի ալիք, որոնցից շատերը վերաճել էին անկարգությունների եւ ավերածությունների:





























