Microsoft ընկերությունը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց Skype-ի գնման մասին։ Գործարքի արժեքը 8.5 մլրդ դոլար է։
Նշենք, որ Skype-ը վերջին տարիներին լայն օգտագործում է գտել ողջ աշխարհում, իսկ «skyping» բառն արդեն փոխարինում է «զանգահարել ինտերնետի միջոցով» արտահայտությանը։ Skype-ի ծառայությունից օգտվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
Փորձագետների գնահատմամբ՝ նման գործարքի շնորհիվ Microsoft-ը ձեռք կբերի նոր օգտագործողներ, ինչպես նաեւ կամրապնդի դիրքերն ինտերնետում։ Իսկ ամենակարեւոր պատճառը, թե ինչու Microsoft-ը գնեց Skype-ը՝ դա Windows Phone 7-ն է (Mobile OS) եւ Nokia-ն։ Հաշվի առնելով վերջերս Microsoft-ի եւ Nokia-ի միջեւ ձեռքբերված համագործակցությունը, իսկ ներկայումս նաեւ Skype-ի գնումը, պետք է նշել, որ ծրագրային ապահովման ոլորտում հսկա ընկերությունը՝ Microsoft-ը, կարող է նաեւ մեծ դեր խաղալ բջջային հեռախոսների շուկայում։ Բացի այդ, ընկերությունն այս քայլով փորձում է մրցակցային առաջարկ ներկայացնել հեռահաղորդակցության ոլորտում Google Voice-ի եւ Apple-ի առաջիկա նոր ստեղծվող նորույթների ժամանակ։
Skype-ի վաճառքից հետո ինտերնետում պարբերաբար քննարկվում էր այն տեսությունը, որ ծառայությունը կարող է վճարովի դառնալ, իսկ Skype օգտագործողների տվյալները կարող են ավելի հեշտությամբ հայտնվել ազգային անվտանգության աշխատակիցների ձեռքում։
Այս մասին NEWS.am Ինովացիայի խնդրանքով որոշ պարզաբանումներ տվեց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ Skype-ի վաճառքից հետո փոխվել են ընդամենը դրա բաժնետերերը։
«Սա ընդամենը բաժնետիրոջ փոփոխություն է եղել։ Skype-ը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է։ Ապագա ծրագրերի համաձայն՝ Microsoft ընկերության մի շարք ծառայություններ հասանելի կդառնան նաեւ Skype-ի օգտագործողների համար»,-ասաց Գ. Բարսեղյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ վաճառքից հետո Skype-ի օգտագործողների տվյալները կարող են ավելի հեշտությամբ հայտնվել ազգային անվտանգության աշխատակիցների ձեռքում՝ Գ. Բարսեղյանն ասաց. «Microsoft-ն ունի գաղտնիության մասին հայտարարություն (privacy statement), որտեղ ընկերությունը պաշտոնապես պարտավորություն է վերցնում, որ այն տվյալները որոնք կշրջանառվեն այս ծառայությունից օգտվելիս՝ ոչ ոքի չպետք է տրամադրվեն»։
Հիշեցնենք, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նույնպես բանակցություններ էր վարում Skype-ը գնելու շուրջ ու պատրաստ էր Skype-ի դիմաց վճարել 3-4 միլիարդ դոլար: Նման պլաններ ուներ նաեւ Google ընկերությունը:
Նշենք, որ Skype ընկերությունը ստեղծվել է 8 տարի առաջ ու հիմնադրման երկրորդ տարում eBay-ի կողմից գնվել 3 մլրդ դոլարով:
Լուսինե Մովսիսյան





























