Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքում է մամուլի այն լուրերը, ըստ որոնց «դատախազության համակարգում փորձում են ընտրել 5 դատախազի, որոնց նկատմամբ պետք է կոռուպցիոն հանցակազմերով մեղադրանքներ առաջադրվեն»:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «անհիմն, մտացածին ասեկոսներ» են այդ համատեքստում Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի անվան հիշատակումը:

«Տեղեկատվության մեջ հիշատակված դատախազության աշխատակիցը, ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանը, բարեխիղճ կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որի համար պարգեւատրվել է ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով, եւ նրան պաշտոնանկ անելու` առավել եւս կոռուպցիոն դրսեւորումների համար պատժելու, որեւէ հիմք չկա:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ դատախազության դատախազների  գործունեության անկախությունը պաշտպանված է օրենքով սահմանված կարգով, միջազգային չափանիշներին համապատասխան, եւ սահմանված են յուրաքանչյուր դատախազի պատասխանատվության հիմքերը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է`փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» եւ պաշտոնանկ արվեն:

«Ըստ դատախազության մեր աղբյուրների, որպես քավության նոխազի առաջի պոտենցիալ թեկնածու նշվում է Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի անունը: Ենթադրվում է, որ նրան հեշտ կլինի զոհաբերել, քանի որ այն հատուկենտ դատախազներից է, որը դատախազությունում եւ գործադիր իշխանությունում կապեր չունի, եւ նրա պաշտոնանկությունը  շղթայական ռեակցիա չի առաջացնի, նրա համար ոչ ոք «կռիվ» չի տա»,- գրել է «Հայկական ժամանակը»: Այս տեղեկությունը NEWS.am-ին տված հարցազրույցում հերքել է նաեւ ինքը` Հայկ Կարապետյանը: