Մալայզիայում ցանկացած տեսանյութ ստեղծելու համար լիցենզիա կպահանջվի, նույնիսկ եթե այն սոցիալական ցանցերում տեղադրելու համար է: Քննադատները դա որպես իշխանությունների վերջին քայլ են որակել՝ այլակարծությունը եւ անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար, իսկ մյուսները կատակով կատուների տեսանյութեր են հրապարակել սոցցանցերում՝ հարցնելով՝ արդյո՞ք դրա համար պաշտոնական թույլտվություն է հարկավոր, փոխանցում է AFP-ն։
Որոշումը կայացվել լէր Մալազիայում «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կողմից նկարահանված վավերագրական ֆիլմից հետո, որը զայրացրել էր պաշտոնյաներին: Ըստ նրանց՝ ֆիլմի նկարահանող խումբը չուներ համապատասխան լիցենզիա: «Ալ-Ջազիրա»-ն պնդում է, որ այն անհրաժեշտ չէ ծրագրի համար:
Կապի նախարար Սայֆուդին Աբդուլահը հայտարարել է, որ բոլոր նրան, ով տեսանյութ է նկարահանում, այդ թվում՝ սոցցանցերի համար, պաշտոնական թույլտվություն անհրաժեշտ կլինի՝ գործող օրենսդրության համաձայն:
«Կիրառելով այս օրենքը՝ կառավարությունը նկարահանումն ապօրինի գործունեություն է դարձնում Մալայզիայում»,- նշել է ընդդիմադիր պատգամավոր Վոնգ Շու Ցին: «Արդյո՞ք կառավարությունը միջոցներ կձեռնարկի TikTok-ի բոլոր օգտատերերի դեմ: Արդյո՞ք կառավարությունը YouTube-ի յուրաքանչյուր օգտագործողից արտոնագիր ստանալու հայտ կպահանջի»:
Մալայզիայում տեսանկարահանումը կարգավորող գործող օրենքը ընդունվել է 1981 թվականին եւ պահանջում է, որպեսզի տեսանյութերի բոլոր արտադրողներն արտոնագիր ստանան պետական մարմնից։
«Ալ Ջազիրա»-յի վավերագրական ֆիլմը նվիրված էր Մալայզիայում աշխատող միգրանտների ծանր կացության թեմային եւ առաջացրել էր կառավարության զայրույթը: Հեռուստաընկերության վեց լրագրող, այդ թվում՝ հինգ ավստրալացի, կանչվել էին հարցաքննության:




























