Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի երեկոյան կանխել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ ռազմական առճակատումը, գրում է գերմանական Bild թերթը:

Երկու երկրների ռազմածովային եւ օդային ուժերը սպասման ռեժիմում են եղել այն բանից հետո, երբ Անկարան նավթի եւ գազի հետախուզման նպատակով հունական Կաստելորիզո կղզի հետազոտական նավեր ուղարկելու որոշում է կայացրել: Երեքշաբթի կեսօրին հունական նավատորմը տագնապի իրավիճակ է հայտարարել, եւ կործանիչները պատրաստականության են բերվել, քանի որ, ընդհանուր առմամբ, 18 թուրքական նավ է ուղեւորվել դեպի փոքրիկ կղզի:

Լարվածության աճին զուգընթաց Մերկելը միջամտել է՝ հեռախոսազրույցներ ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, եւ թուրքական նավատորմը շրջվել ու փոխել է ընթացքը, գրում է թերթը:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիք Դեմերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Մերկելը եւ Էրդողանը քննարկել են «տարբեր հարցեր, հատկապես իրավիճակը Լիբիայում, Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելքում»:

Վերջերս Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածությունը սրվել է Միջերկրական ծովի արեւելքում ածխաջրածինները հետազոտելու իրավունքի պատճառով:

Հունական City Times թերթը հաղորդել է, որ երեքշաբթի հունական եւ թուրքական կործանիչները երկուսուկես ժամ թռել են Կաստելորիզոյի վրա՝ ստիպելով սարսափած զբոսաշրջիկներին փախչել լողափերից: