Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը որոշել է աշխատանքից ազատել ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովին, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովին, էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովին եւ զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովային: Վարչապետը նման հայտարարություն է արել հինգշաբթի՝ կոալիցիոն խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես ընդունում եմ երեք նախարարների՝ Մարինովի, Գորանովի, Կարանիիկոլովի, գումարած զբոսաշրջության նախարար Անգելկովայի հրաժարականը»,- ասել է Բորիսովը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ կառաջարկի Խրիստո Թերզիյսկիի թեկնածությունը ՆԳ նախարարի պաշտոնում: Ներկայումս Թերզիյսկին ղեկավարում է ոստիկանության գլխավոր վարչությունը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Կիրիլ Անանիեւը, ով զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ Պրոֆեսոր Կոստադին Անգելովը կառաջադրվի Առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնում: Փոխվարչապետ Մարիանա Նիկոլովան կստանձնի զբոսաշրջության նախարարի գործառույթները: Նախատեսվում է էկոնոմիկայի նախարար նշանակել Լիչեզար Բորիսովին, ով ներկայումս էկոնոմիկայի փոխնախարարն է։
Ակնկալվում է, որ Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) ուրբաթ օրը կքննարկի երկրի կառավարությունում կադրային փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները:
Բուլղարական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնելիա Նինովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները «փոփոխությունների իմիտացիա են»: «Նախարարները փոխվում են, սակայն կառավարման մաֆիոզ մոդելը մնում է: Մենք արդեն տեսել ենք այս ֆիլմը 12 անգամ, այս կաբինետում 12 անգամ նախարարներ են փոխվել, սակայն ամեն ինչ շարունակվում է նախկինի նման: Չորս նախարարների փոխարինումը հսկայական վերանորոգում չէ, այլ՝ իմիտացիա: Վարչապետի գործողությունների արդյունքը հոգեվարքի շարունակությունն է: Կառավարությունը չի լսում բողոքող քաղաքացիների ձայները: Նրանք պահանջում են Բորիսովի հրաժարականը»,- նշել է Նինովան։





























