Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ինքնամեկուսացել է եւ Ռուսաստանի քաղաքացիներին թողել առանց ուշադրության: Այս մասին հուլիսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ռուսաստանցի իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դեսպանությունը չի ցանկանում մարդկանց օգնել, որոնք հայտնվել են դժվարին վիճակում:
«Ոչ մի ընդունելություն չի կատարվում, էլեկտրոնային նամակներին շատ հազվադեպ են պատասխանում, Պետծառայությունների միջոցով գրանցման համակարգը, որի միջոցով մարդիկ մեկնում են, արդեն հարցականի տակ է»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ անգամ գրանցվելու դեպքում պարզվում է, որ չվերթի տոմսեր չկան: Հարությունյանը դիմել է Հայաստանի ԱԳ նախարարի, հանրապետության վարչապետի եւ Վրաստանի կառավարության օգնությանը: «Մենք այս պահին 7 խումբ ունենք: Այս 7 խմբում կա ավելի քան 1500 մարդ: Մեր խմբերը օրեցօր մեծանում են 30-40 մարդով»,- ասաց իրավապաշտպանը:
Նա նաեւ Ռուսաստանի դեսպանությանը կոչ արեց քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ՌԴ ուղեւորվել իրենց ավտոմեքենաներով՝ Վրաստանում ոստիկանական ուղեկցության ապահովմամբ, այլ ոչ թե ավտոբուսներով, քանի որ մեծ է նրանց կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Հարությունյանը նաեւ հայտնեց, որ իրենք պատրաստ են վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերը:
Դրա հետ մեկտեղ դեսպանատան անվտանգության աշխատակիցները ցուցարարներին հայտնեցին, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը կարանտինով պայմանավորված ժամանակավորապես չի գործում: Ցուցարարներին չհաջողվեց իրենց պահանջներով նամակը փոխանցել դեսպանության աշխատակիցներին, քանի որ նրանց մոտ ոչ մեկը դուրս չեկավ:
Երբ բողոքի ակցիան մոտենում էր իր տրամաբանական ավարտին, վերջին պահին միջամտեցին ոստիկանության աշխատակիցները, որոնք քաղաքացիներին հիշեցրին պարետատան պահանջները պահպանելու կանոնների մասին, որոնցից մեկն է բողոքի ակցիաների անցկացման արգելքը: Այդուհանդերձ, այնքան էլ հասկանալի չէր, թե այդ ամբողջ ժամանակ որտեղ էին ոստիկանության աշխատակիցները եւ ինչու չէին միջամտում:











