Իրանում այսօր՝ մայիսի 14-ին, ի կատար կածվի մի կնոջ կուրացրած տղամարդու դատավճիռը։ Որպես պատիժ՝ նրան եւս կկուրացնեն։

Վեց տարի առաջ Մաջիդ Մովահեդին Ամենե Բահրամին առաջարկել է ամուսնանալ իր հետ, սակայն կինը մերժել է նրան։ Տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել եւ նրա դեմքին ծծմբաթթու է լցրել։ Աղջիկը կուրացել է, իսկ նրա դեմքն՝ այլանդակվել, գրում է РБК-ն։

Իսլամական օրենքներով, գոյություն ունի «ակն ընդ ական» սկզբունքը, որը ենթադրում է հանցագործին  պատժել նույն մեթոդով, ինչ կերպ նա հանցագործություն է կատարել։ Երբ Իրանի Գերագույն  դատարանը տղամարդուն կուրացնելու որոշում է ընդունել, Ամենե Բահրամին ВВС-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վեց տարվա մեջ առաջին անգամ իրեն երջանիկ է զգում։

Դատարանի որոշմամբ, հանցագործին կկուրացնեն թմրեցված վիճակում՝ նրա աչքերի մեջ ծծմբաթթու կաթեցնելով։ Տուժածը ցանկացել է անձամբ ի կատար ածել դատավճիռը, սակայն կույր լինելու պատճառով այդ հարցը բաց է մնում։ Հնարավոր է՝ դա կանի նրա հարազատներից որեւէ մեկը։