Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները Վրաստանից Հայաստան ականանետեր տեղափոխելու մասին մասին: Նա նշել է, որ դա «լրատվամիջոցների կողմից տարածված չճշտված տեղեկատվություն է», հայտնում է «Ինտերպրեսնյուզ»-ը:

Ըստ Գախարիայի՝ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերությանը եւ եղբայրությանը ոչինչ չի սպառնում: «Վրաստանը, իհարկե, քաղաքական խնդիր չի ունենա, քանի որ մենք կատարում ենք մեր պարտականությունները՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան: Այս տեղեկատվությունը ԶԼՄ-ների կողմից տարածված չճշտված տեղեկություն է։ Այս տեղեկատվությունը պետք է հաշվի առնել միայն այն ժամանակ, երբ այն քննարկման առարկա դառնա մեր երկու երկրների միջեւ: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ չի սպառնում: Հնարավոր չէ, որպեսզի ինչ-որ բան սպառնա բարձր մակարդակի այս հարաբերություններին»,- հայտարարել է Գեորգի Գախարիան: