ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայրենակիցներին կոչ է արել չմասնակցել որեւիցե նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի՝ լարվածությունը չթեժացնելու համար:

«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին օրերին դեսպանությունը ամեն րոպե ռեժիմով տեղեկություններ է ստանում տարբեր ակցիաներ կազմակերպելու առանձին քաղաքացիների մտադրությունների մասին, որոշ օգտատերեր համացանցում հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն հատվածում եւ ՌԴ այլ քաղաքներում հավաքվելու կոչերով:

Ձեզնից յուրաքանչյուրի մտահոգությունն ու էմոցիոնալ վիճակը հասկանալով՝ պետք է նշեմ, որ նման կոչերը ներկա իրավիճակում չեն կարող նպաստել մեր առջեւ ծառացած հարցերի լուծմանը:

Սրա հետ կապված՝ ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որեւիցե նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի: Հենց համանման պատասխան քայլերի վրա են հաշվարկված նաեւ հասարակության մեջ լարվածությունը թեժացնող կողմի գործողությունները:

Խնդրում եմ նաեւ համացանցում հանդես չգալ համանման կոչերով, չտարածել տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք կարող են նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի էսկալացիային, ցանկացած իրադրությունում զգոնություն պահպանել:

Այս իրավիճակում մենք պետք է լինենք ավելի համախմբված, հանդես գանք ընդհանուր դիրքորոշմամբ, համակարգենք մեր գործողությունները եւ կանխենք ցանկացած սադրիչ դրսեւորում:

Մենք շարունակում ենք աշխատել օպերատիվ ռեժիմում եւ մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների ու ռուսական իշխանությունների հետ:

Ձեզ հետ միասին մեր ընդհանուր խնդիրն է գործել ռուսական օրենսդրության շրջանակում»,- նշված է դեսպանի ուղերձում: