Թուրք փորձագետն անուղղակիորեն խոստովանել է, որ Ադրբեջանին դրդելով հարաբերությունների սրմանը Հայաստանի հետ, Թուրքիան մի շարք նպատակներ է հետապնդում, այդ թվում՝ պայմաններ ստեղծելով իր զենքի փորձարկման համար:
Պաշտպանական արդյունաբերության ոլորտի փորձագետ Կադիր Դողանը TRT-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելում պատրաստված Orbiter եւ Aerostar ռազմավարական եւ մարտավարական անօդաչուների օգտագործմանը խոչընդոտում է այդ անօդաչուների ոչ լիարժեք ինտեգրումն Ադրբեջանի Զինված ուժերի համակարգ, դրանց օգտագործումը տարբեր հարթակների օգնությամբ նվազեցնում է դրանց օգտագործման արդյունավետությունը: «Եթե այդ ԱԹՍ-ները լավ ինտեգրել այլ համակարգեր եւ միասին օգտագործել դրանք, ապա այդ դեպքում կարելի է առավելություն ձեռք բերել: Թուրքիայի վերջին հաջողությունները հիմնված են հենց այդ հմտությունը կատարելապես օգտագործելու ունակության վրա»,- ընդգծել է փորձագետը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության հարվածային ինքնաթիռների ձեռքբերումը շատ օգտակար քայլ կլինի երկու երկրների համար: «Մեր երկրի համար, բացի նյութական օգուտներից, կա նաեւ տեխնիկական օգուտ: Որքան շատ թվով հաճախորդների վաճառենք այդ անօդաչու սարքերը, այդքան ավելի շատ տեխնիկական գնահատականներ կլինեն: Եվ դա կօգնի կատարելագործել տեխնիկան»,- ասել է փորձագետը:




























