Թեհրանը պետք է պատասխանի ԱՄՆ ԶՈՒ կողմից Սիրիայի երկնքում իրանական քաղաքացիական ինքնաթիռի նկատմամբ կատարված գործողություններին՝ չսահմանափակվելով միայն իրավական մեթոդներով։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Ալի Կադխոդաին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության այդ ակտը, բացի իրավական պատասխանատվության ենթարկելուց, որը հաստատել են կառավարությունում, պահանջում է այլ պատասխան գործողություններ»,-գրել է նա թվիթերյան իր էջում։ Կադխոդաիի խոսքով՝ դա անհրաժեշտ է, քանի որ իրավական հարթության մեջ պատասխանատվության ենթարկելը պահանջում է երկար ժամանակ»։
Ուրբաթ ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել էր բողոք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը Սիրիայի երկնքում ամերիկյան F-15 կործանիչների գործողությունների պատճառով։
Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ ԶՈՒ երկու կործանիչ շատ մոտեցել էր Սիրիայի երկնքում Mahan Air իրանական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռին, որն ուղեւորվում էր Լիբանան եւ բարեհաջող վայրէջք էր կատարել Բեյրութի օդանավակայանում։ Ինքնաթիռը ստիպված մանեւրեր էր կատարել, որոնց հետեւանքով տուժել էր երեք ուղեւոր, ինչպես նաեւ անձնակազմի մի քանի անդամ։
Ըստ Պենտագոնի հայտարարության՝ ամերիկյան ինքնաթիռները կատարում էին «Անսասան վճռականություն» գործողությունը, որը Սիրիայում անցկացնում է ԱՄՆ-ի գլխավորությամբ մի խումբ երկրներ։ Ամերիկյան կողմից վարկածով՝ կործանիչը գտնվել է օդանավից հազար մետր անվտանգ հեռավորության վրա, երբ որոշել է համոզվել, որ դա ուղեւորատար ինքնաթիռ է, այնուհետեւ անցկացրել է օդանավի վիզուալ զննում։




























