Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը, որն ուղղված էր հրամանատարներին և զինվորներին։

«Հայոց Փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ զինվորներ, իմ զինակից ընկերներ

Ադրբեջանը ոգեշնչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջաղջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:

Մենք պետք է կռվենք և հաղթենք, քանզի խեղճերի արցունքից ու թույլերի վախից են կործանվում հայրենիքները…Իսկ մեր երակներում հոսում է իսկական  մարտիկի արյուն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին…

Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շարունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում…և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը:

Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են զորքի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:

Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը: Մենք այլևս դատապարտված ենք միա´յն հաղթելու: Ցո´ւյց տանք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստականությունը, որ նա այլևս չփորձի  հայասցք նետել Հայաստանի ևԱրցախի ուղղությամբ::

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ՝  ի փառս հայ ժողովրդի

Միասին առա´ջ, դեպի հաղթանա´կ:  Աստված մեզ զորավիգ ու պահապան…»։