Ես երբեք չեմ հանդիսացել եւ չեմ հանդիսանում «Սպայկա»-ի սեփականատեր կամ գործընկեր: Այս մասին այսօր` հուլիսի 25-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով պատասխանելով ՌԴ-ից Սամվել Զաքարյանի հարցին։
«Ես կարծում եմ, որ «Սպայկան» պարծանքի առարկա էր, ՀՀ պատմության մեջ քիչ դեպքերից է, որ մարդը կարողացել էր իր քրտինքով զրոյից ստեղծել մի կազմակերպություն, որը միայնակ կռվում էր կազմակերպված լոբբի դեմ՝ խլելով շուկան, և փայլում օրինակ էր պետության ու մասնավորի համագործակցության: Եթե «Սպայկան» լիներ այն ժամանակվա «Սպայկան», ծիրանի խնդիրը չէր լինի, որովհետև ինչքան գիտեմ՝ «Սպայկան» հայկական գյուղմթերքը կարողանում էր մատակարարել ուղիղ ցանցերին։ Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, երբ «Սպայկան» բառիս լայն իմաստով վերացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական բիզնեսին»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Փաշինյանն է այն քանդել։
Մինասյանի խոսքով`Նիկոլ Փաշինյանը լավագույն հարաբերությունների մեջ չի ՌԴ-ի ղեկավարության հետ։
«Եթե մենք պատմականորեն մեր ամենաանկազմակերպ շրջանում ենք, ադրբեջանցիները ամենակազմակերպված շրջանում են։ Մենք խնդրում ենք, խաղաղություն ենք մուրում, խաղաղասիրության կոչեր անում, իրենք մեզ ջարդում են, մենք կենացներ ենք ասում»,-ասաց նա։
Անդրադառնալով ՌԴ-ում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ստեղծված լարվածությանը, նա ասաց, որ առաջին դեպքն էր, երբ ՌԴ-ում նման խայտառակ դրություն է ստեղծվել, որովհետև ՀՀ-ում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով։
«Ռուսահայությունը պետք է հասկանա, որ իրենց անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, որը ոչ միայն չի ուզում, այլև չի կարողանում լուծել հարցեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է Մոսկվայում հայկական իրականության հարցերը լուծի՝ հայկական ծիրանից մինչև հայկական կապիտալի հարցերը»,-ասաց նա։
Միքայել Մինասյանի խոսքով`Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի երաշխավորն է՝ լինի ՌԴ-ում, թե այլուր։
«Հիմա ՀՀ-ում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով։ Չի զբաղվում, որովհետև չի ուզում, որովհետև չի կարող, պետք չի․․ հետևաբար խնդրում եմ՝ ինքնակազմակերպվեք շատ արագ, հասկացեք, որ այս ամենի մեղավորը Նիկոլն է, խաչ քաշեք ու զբաղվեք ձեր գործով, որովհետև պրոբլեմները ձերն են լինելու»,-ասաց նա՝ ՌԴ-ում բնակվող հայերին:











