Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է քվեարկել օրինագծի օգտին, որը կարող է արգելեփակել Facebook-ը, Twitter-ն ու YouTube-ը իշխանությունների՝ սոցիալական ցանցերի կոնտենտը վերահսկելու ջանքերի ֆոնին, գրում է Eurasian Times-ը։

Օրինագծին համաձայն՝ օրական ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող սոցիալական ցանցերի ընկերությունները Թուրքիայում պետք է հաստատեն պաշտոնական ներկայությունը երկրում կամ նշանակեն ներկայացուցիչ, որը կկրի իրավաբանական պատախսանատվություն Թուրքիայի իշխանությունների առաջ։

Ընկերությունները կամ դրանց ներկայացուցիչները պարտավոր կլինեն 48 ժամի ընթացքում պատասխանել հրապարակումների մասին բողոքներին, որոնք խախտում են անձի իրավունքները կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, եւ պետք է պահպանեն օգտատերերի տվյալները Թուրքիայում։

Չիրագործելու դեպքում՝ Թուրքիայի իշխանությունները մինչեւ 1.5 միլիոն դոլարի չափով կտուգանեն ընկերություններին եւ կնվազեցնեն կայքերի անցումային հնարավորությունները մինչեւ 90 տոկոսով։ Բացի այդ, օրինագիծը նաեւ կլիազորի դատարաններին ստիպել թուրքական լրատվական կայքերին հեռացնել կոնտենտը 24 ժամում։

Թուրքիան կառավարելու 17 տարիների ընթացքում Էրդողանը կարողացել է ամրապնդել վերահսկողությունն ավանդական ԶԼՄ-ների նկատմամբ։ Սոցիալական ցանցերը միակ հարթակն են, որը նա դեռեւս պետք է վերահսկողության տակ վերցնի։

Ավելի վաղ հուլիսին Էրդողանը, ըստ ամենայնի, ցնցված էր Թվիթեր սոցիալական ցանցում արված մեկնաբանություններից, որոնք քննադատում էին նրա դստերն ու փեսային չորրորդ երեխայի ծնվելուց հետո։ Ավելի ուշ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին ասել էր, որ «անբարոյական» հարթակները «պետք չեն այս երկրին եւ մեր ժողովրդին» եւ պետք է «կարգի բերվեն»։

Չնայած հազարավոր մարդիկ են ձերբակալվում Թուրքիայում սոցիալական ցանցերում հրապարակումների պատճառով, որպես կանոն, թուրքերին, նախագահին վիրավորելու կամ ահաբեկչությունը սատարելու մեղադրանքով, նոր օրենքը կներդնի նոր ուղղվածություն, որը թույլ կտա Անկարային իրականացնել ուղիղ վերահսկողություն հարթակների նկատմամբ։