Կարծում եմ՝ սեփական ուժերի անզորությունը հստակ գնահատելով, Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավորը, որ Թուրքիան ներգրավվի այս հակամարտությունում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ես կարծում եմ՝ Թուրքիան չի գնա նման քայլի, կողմ չի հանդիսանա եւ դա հիմնավորում եմ հետեւյալ ենթադրությամբ. Նախ, կողմ դառնալու պարագայում, այն դեպքում, երբ խոսքը ՀՀ սահմանների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին է, դա ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում:
Երկրորդ, այն պարագայում, երբ աշխարհի բազմաթիվ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հաշվի առնելով, որ Թուրքիան մի շարք տարածաշրջաններում ներգրավված է որպես հակամարտության կողմ, պարզապես Թուրքիայի այս գործողությունները չեն ընկալվելու աշխարհի շատ պետությունների կողմից: Մյուս կողմից Թուրքիայի ներգրավվածության հիմնական շարժառիթը պայմանավորված է Ադրբեջանի ստահոդ քարոզչությամբ, թե իբր հայկական կողմը փորձում է գազատարների ու նավթատարների նկատմամբ ոտնձգություն իրականացնել»,-ասաց նա:





























