«Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն այսօր` մայիսի 14-ին բերման է ենթարկվել ոստիկանություն եւ հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ջանվելյանի վարորդը` Արգիշտ Վարդանյանը,  ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երեկ` մայիսի 13-ի երեկոյան  ձերբակալվել էին նաեւ Ջանվելյանի երկու որդիները` Գեղամ եւ Արմեն Ջանվելյանները: Նրանք մի քանի անձանց հետ նախօրեին Կոտայքի մարզի Հատիս գյուղում վիճաբանության մեջ էին  մտել գյուղացիների հետ եւ ծեծի ենթարկել նրանց: Մասնավորապես` Հատիս գյուղի բնակիչներ հայր եւ որդիներ Գեւորգ, Ռազմիկ եւ Մեխակ Մեխակյաններին: Գյուղացիները հայտնել են, որ վիճաբանության ժամանակ Ջանվելյաններն իրենց մոտ եղած հրազենով կրակոցներ են արձակել: Գյուղացիների պատմելով վիճաբանության պատճառը եղել է այն, որ Մարատ Ջանվելյանին պատկանող կովերը մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը: Գյուղացիները կովերին մի տեղ են հավաքել եւ լուր ուղարկել Ջանվելյանին, որ գա իր անասուններին տանի:

Մարատ Ջանվելյանն էլ իր որդիների ու կողմնակիցների հետ եկել է գյուղ ու գյուղացիների խոսքով, «մի կաթիլ մեղրի» պատմությունը սարքել:

Ոստիկանությունն արդեն առգրավել է Արմեն Ջանվելյանի կողմից ներկայացրած 2 հրազենները:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օերնսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն ձեռք բերելը, իրացնելը եւ պահելը ) հոդվածների հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: