Երեքշաբթի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում, որոնց ժամանակ առաջին անգամ օգտագործվում են ռազմական «Նուր» արբանյակից ստացված տեղեկությունները: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը:
Զորավարժություններն անցկացվում են Կորպուսի ռազմատիեզերական եւ ռազմածովային ուժերի մասնակցությամբ: Զորավարժություններին ներգրավվելու են ԻՀՊԿ հետախուզական ստորաբաժանումները, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր:
Իրանը ապրիլի 22-ին արձակել էր «Նուր» անվանմամբ իր առաջին ռազմական արբանյակը: Սարքն ուղեծիր էր դուրս բերվել 425 կմ բարձրությամբ՝ «Ղասեդ» տանող հրթիռի միջոցով:




























