Հայաստանի կառավարության որոշումը փոփոխության չի ենթարկվելու, Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխվելու են ու վերջ: Գյումրիում մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ի պատասխան լրագրողների հարցի, թե հնարավո՞ր է, որ ընդառաջ գնալով հասարակական դժգոհություններին, կառավարությունը հրաժարվի Մինասի որմնանկարները Երեւան տեղափոխելու մտքից, Մշակույթի նախարարն ասել է. «Որքան էլ հասարակական ընդվզումը մեծ լինի կապված Մինաս Ավետիսյանի որմնանկարները մայրաքաղաք տեղափոխելու հետ, դրանք տեղափոխվելու են»: Նա հորդորել է մտածել մնացած 12 որմնանկարների ճակատագրի մասին, հիշեցնելով, որ դրանք շարունակում են քայքայվել:
«Մինչեւ 2007 թ-ը դրանք քայքայվում էին չէ՞, որեւէ մեկն առաջարկե՞լ է փրկել, ո’չ: Հիմա ի՞նչ են պահանջում. 12 որմնանկար կա, որոնց վիճակը լուրջ է, հայտարարում եմ, սպասում ենք առաջարկների նույն դժգոհողների կողմից»,-հայտարարել է Հասմիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ Գյումրիում մեծ աղմուկ ու դժգոհություն էր առաջացել կապված Մինասի որմնանկարներից երկուսը Երեւան` «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու հետ: Ըստ որոշ տեղեկությունների, հասարակական դժգոհությունների հետեւում Գյումրիի քաղաքապետն է կանգնած, ում թելադրանքով «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ձեռնարկել է «փրկենք որմնանկարները» ակցիան:




























