Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը 12 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով, որը կապված է 1 մլրդ դոլար սկանդալի հետ, փոխանցում է AFP-ն:

Նախկին վարչապետին նաեւ գրեթե 50 մլն դոլարով տուգանել են այն բանից հետո, երբ մի քանի դատավարություններից առաջինով դատապարտվել է բոլոր 7 մեղադրանքներով՝ կապված 1Malaysia Development Berhad հիմնադրամի կողոպուտի հետ:

Նա մտադիր է բողոքարկել դատավճիռը, եւ նրան թույլ է տրվել գրավով մնալ ազատության մեջ այնքան ժամանակ, մինչեւ կավարտվի բողոքարկման երկարատեւ դատավարությունը:

Մալայզիայի հիմնական ներդրումային հիմնադրամից միլիոնավոր դոլար է գողացվել եւ ծախսվել ամեն ինչի համար՝ էլիտար անշարժ գույքից մինչեւ արվեստի թանկարժեք գործեր:

Goldman Sachs ներդրումային բանկը նույնպես ներքաշված էր սկանդալի մեջ եւ արդյունքում ԱՄՆ-ում ու Մալայզիայում բախվել է մի ամբողջ շարք տուգանքների: