Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան նեոէքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում, իսկ կրոնական գործիչները ձգտում են վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դենդիասը նման հայտարարություն է արել Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Արանչա Գոնսալես Լայայի հետ հանդիպման ժամանակ:

«Իմ գործընկերն Աթենք է եկել Թուրքիայից, որտեղ երեկ խոսել է մեր թուրք գործընկերոջ հետ: Մենք հարգում ենք թուրք ժողովրդին, ինչպես Երկրի վրա այլ ժողովուրդների: Սակայն մենք դատապարտում ենք Թուրքիայի կառավարության քաղաքականությունը, եւ ողջ Եվրոպան է դատապարտում: Եվրոպան՝ խոսելու ունակությունը կորցնելով, տեսակ, թե ինչպես են նեոօսմանյան թրով նվաճում Սուրբ Սոֆիայի թանգարանը: Այդպիսով, Թուրքիան խախտում է միջմշակութային երկխոսության ժամանակակից խորհրդանշանը: Տպավորություն է, որ Թուրքիան վերադառնում է XV կամ XVI դար»,-ասել է Դենդիասը:

Նա նաեւ նշել է, որ Եվրոպան դատապարտում է Թուրքիայի նեոէքսպանսիոնիստական քաղաքականությունը՝ ի նվաս իր բոլոր հարեւանների:

Նրա խոսքով՝ եթե Թուրքիան որոշի անտեսել միջազգային իրավունքի նորմերը, ապա Եվրոպան պետք է միավորվի եւ պաշտպանի իր սահմանները:

Նա նաեւ պատմական է համարել ավելի քան 75 տարի խաղաղություն ապահովելու Եվրամիության ձեռքբերումը: «Մենք չենք դադարի Թուրքիային կոչ անել միանալ այդ ձեռքբերմանը»,-նշել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը:  

Դենդիասը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Արեւելյան Միջերկրածովում սեյսմիկ հետախուզությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Անկարան սեյսմիկ հետազոտություններ է սկսել Միջերկրական ծովում Կաստելորիզո կղզու շրջանում: