Միացյալ Նահանգների իշխանությունները հնարավոր են համարում, որ նոր կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութը կմատակարարեն մյուս երկրներին: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երբ այդ պատվաստանյութն ունենանք, այն կտարածվի: Դա կլինի ամբողջ երկրում անչափ արագ գործընթաց: Հնարավոր է՝ մենք պատվաստանյութի մեծ քանակությամբ ապահովենք աշխարհի մյուս հատվածներին, ինչպես անում ենք թոքերի արհեստական օդափոխության սարքերի դեպքում»,- ասել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում զգալիորեն մեծացել է պատվաստանյութերի համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը: «Մենք արագորեն 100 մլն դեղաչափ արտադրելու ճանապարհին ենք, երբ պատվաստանյութը հավանություն ստանա, ինչը կարող է տեղի ունենալ շուտով: Իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ 500 մլն դեղաչափ»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը:
Ամերիկյան Pfizer ընկերությունը ընդունել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերը համատեղելու որոշում, ասել է Դոնալդ Թրամփը:
«Նրանք [Pfizer-ը] համատեղում են պատվաստանյութի փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերը՝ աշխատելով անչափ արագ, շարժվելով դրական ուղղությամբ,- նշել է Թրամփը: - Այսպիսի բան առաջին անգամ է տեղի ունենում, մինչեւ մնացյալի [պատվաստանյութերի] փորձարկումները մի քանի ամիս առաջ: Այսպիսի բան երբեք չի եղել, սա պատվաստանյութի ամենաարագ մշակումն է»:
Պետության ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 2020 թվականի վերջին: Նա պետական ծրագիր է ստեղծել, որն օգնություն է ցուցաբերում դեղագործական ձեռնարկություններին՝ դեղամիջոցների մշակումն արագացնելու նպատակով: Դրա շրջանակում արտադրվում է պոտենցիալ պատվաստանյութերի դեղաչափերի մեծ ծավալ, որպեսզի համապատասխան փորձարկումներից եւ ստուգումներից հետո այն անմիջապես տրամադրվի ամերիկացիներին:
Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Pfizer-ը հնարավոր է առաջինը լինի, ում կորոնվիրուսի դեմ պատվաստանյութը կանցնի կլինիկական փորձարկումը, որից հետո ԱՄՆ իշխանությունները ընկերությունից կստանան 100 մլն դեղաչափ: Սպասվում է, որ այդ դեղամիջոցն ամերիկացիների շրջանում անվճար կտարածվի:
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկները կատարում է ամերիկյան իշխանությունների, ԱՀԿ-ի եւ այլ պաշտոնական աղբյուրների ամփոփագրերի հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման մոտ 4,3 մլն դեպք, մահացել է ավելի քան 148,8 հազար մարդ:





























