Այսօր` մայիսի 15-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում վթար է եղել:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԳԱԶ-3110 մակնիշի 65 ԼՍ 650 համարանիշի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմասից եւ գլորվել Փամբակ գետը:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները, ովքեր գետից դուրս են բերել երկու հոգու դիակ: Այս պահին դեպքի վայրում են ոստիկության Լոռու մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը` մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանի եւ քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ: Նշված հատվածում ավտոմեքենաների խցանումը վերացնելու համար դեպքի վայր են ժամանել նաեւ Լոռու մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, փոխգնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:
Վարորդը` 50-ամյա Արսեն Կիրակոսյանը փրկվել է: Նա հայտնել է, որ ավտոմեքենայում իրենից բացի եղել են չորս ուղեւորներ:
Փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում` հայտնաբերելու մյուս երկու ուղեւորներին:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):














Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























