Բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Դեյվիդ Ռիչարդսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է ընդլայնեն Լիբիայում ռմբակոծման գոտիները` Մուամար Քադաֆիի ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով: Այլապես ջամահիրիայի առաջնորդը կկարողանա պահել իշխանությունը:
Եթե հրամանատարական կետերի կամ բունքերների ռմբակոծման ժամանակ Քադաֆին սպանվի, ապա, ըստ Ռիչարդսի, «ոչ մի սարսափելի բան չի լինի», թեեւ գրոհների նպատակը դա չէ:
«ՆԱՏՕ-ի եւ արաբական երկրների դաշնակիցների ռազմական գործողությունները հաջողությամբ են ընթանում, սակայն մենք պետք է ուժեղացնենք ճնշումը, հակառակ դեպքում մեծ է ռիսկը, որ Քադաֆին իշխանության կմանա»,-ասել է նա:
Գեներալը հերքել է ռմբահարումների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները` հայտարարելով, որ «ՆԱՏՕ-ն շատ խնամքեով եւ ուշադիր է ընտրում նպատակակետերը»:



























