Ասում են` երբ մի բան շատ ես ցանկանում, հաճախ բարձրաձայն կրկնիր եւ անպայման կիրականանա:

Հավանաբար, Աժ պատգամավոր Լյովա Խաչատրյանը չափազանց մեծ հավատ է ցուցաբերում նմանօրինակ ցիտատների հանդեպ, որ իր յուրաքանչյուր ելույթում կամ հարցազրույցում անվերապահորեն հայտարարում է, թե ինքը «մաթեմատիկոս տղա է»:

Հավանաբար նա այնքան է կրկնել, որ ինքը եւս սկսել է հավատալ իր մաթեմատիկոս լինելուն, այն աստիճան, որ իր պոլիտեխնիկական ճարտարագետ-մեխանիկի դիպլոմով փորձում է «մրցել» տնտեսագիտական գերազանցության դիպլոմով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Անգամ իրեն իրավունք է վերապահում վարչապետի կատարած «Մենք պետք է ոչ թե ապրանք այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք» հայտարարությունը վերագրել ապրիլմեկյան կատակի:

Սակայն «տնտեսագիտական մտքի գիգանտը» չի բավարարվել միայն վարչապետի սխալներին անդրադառնալով:  Նա իր մաթեմատիկական գիտելիքների պաշարով փորձել է «ճնշել» նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին` վերջինիս հարցնելով, թե ուր գնացին միջին եւ փոքր բիզնեսի համար հատկացվելիք վարկերը:

Ըստ որոշ աղբյուրների` Խաչատրյանին է պատկանում «Արմավիր-լույս» ընկերությունը, որտեղ բացի Յուզիկիչից բաժնետեր է հանդիսանում նաեւ Էդուարդ Խաչատրյանը:

Գուցե Խաչատրյանների տոհմին պատկանող այս ընկերությունն է թրծում տնտեսագիտական մտքի լուրջ գիգանտների, ովքեր իրենց պատկանող կազմակերպությունների ֆինանսական փորձի վրա առաջարկում են վարկածներ ֆինանսական համակարգի վերահսկողությամբ զբաղվողներին, թե ինչ ճանապարհով պետք է լցնել երկրի բյուջեն, կամ թե ինչպես խուսափել ճգնաժամի հետեւանքներից:

Եվ այնուամենայնիվ ինչպես է հաջողվել Լյովա Խաչատրյանին իր ասած «մաթեմատիկոս տղայի» տիտղոսին արժանացնել ինքն իրեն, գուցե պոլիտեխնիկի բազան կրթում է Ճարտարագետ-մեխանիկներին էկոնոմիկայի եւ տնտեսագիտական հիմնահարցերի մեխանիզմով:

Այդ դեպքում ինչու Յուզիկիչը վայր չի դնում Աժ պատգամավորի մանդատը եւ զբաղվում ավելի լուրջ գործերով, ինչպես օրինակ էկոնոմիկայի նախարարների ու վարչապետների տնտեսագիտական գծով  վերապատրաստման դասընթացների դասախոսությամբ, այդպես գոնե չի լինի լրագրողների ուշադրության կենտրոնում, եւ ինչպես ինքն է ասում, չի ենթարկվի վերջիններիս կողմից «նապադենյաների»:

Այն, որ Յուզիկիչը աչքի է ընկնում մաթեմատիկական գիտելիքների բարձր մակարդակով գիտեն բոլորը, սակայն վերջինս ունի մեկ առանձնահատկություն եւս` հայտնի է իր հակասական ելույթներով ու ճառերով: Որպես օրինակ նշենք, որ իրեն բացարձակ քաղաքական գործիչ չհամարող Խաչատրյանը, ով հայտարարում է, թե իրեն բնավ չի հետաքրքրում քաղաքականությունը, եւ որ նա անկախ պատգամավոր է, ու գործում է միայն նախագահի թիմի հետ, բազմիցս քննադատում է վարչապետ Սարգսյանի վարած մարտավարությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ուրեմն այդ ինչպես է Խաչատրյանը նախագահի թիմի ‹‹կցորդ››, երբ քննադատության է ենթարկում նույն թիմի կորիզը հանդիսացող վարչապետի գործելաոճը:

Այս երեւույթը թերեւս  անհասկանալի է:

Արմեն Գեւորգյան