Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հոգեւոր ուսուցիչը խիստ քննադատության է ենթարկել նրան` նախագահի վարքագիծը համարելով անտրամաբանական:
Այաթոլլահ Մոհամմադ Թաքի Մեսբա Յազդին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Ահմադինեժադն ընկերներին վերածում է թշնամիների: Ըստ նրա` նախագահն ընկել է իր խորհրդական Էսֆանդիյար Ռահիմ Մաշեի ազդեցության տակ:
Կարծիք կա, թե Ահմանդինեժադը փորձում է ապահովել Մաշեի հաղթանակը 2013 թ. նախագահական ընտրություններում: Պահպանողականների կասկածում են Մաշեին երկրի կառավարման համակարգը փոխելու մտադրության մեջ, գրում է Lenta.ru-ն:
Դիտորդները Յազդիի հայտարարությունը համարում են նախագահի դիրքերի թուլացման վկայություն: Նշվում է, որ Ահմանդինեժադը հակասություններ ունի երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի հետ:





























