Չի բացավում, որ մինչեւ քվեարկությունը նոր թեկնածուներ ի հայտ գան, ինչպես նաեւ արդեն եղած թեկնածուներից հրաժարվողներ լինեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:
Հիշեցնենք, որ այսօր Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի ինչպես ՍԴ դատավորի թեկնածու, այնպես էլ ԲԴԽ դատավոր անդամի:
«Իհարկե, նախապես բոլոր դատավորներին տեղյակ է պահվել, որ եթե ուզում են առաջադրվել, լավ կլինի մինչեւ երեկ առաջադրվեին, որ քվեաթերթիկում անունները լինի: Ամեն դատավոր պետք է քվեարկի իր նախընտրությամբ, ԲԴԽ-ում նման պայմանավորվածություն չկա»,-ասաց նա:
Հարցին, թե քաղաքական իշխանության ազդեցությունը կա՞ ԲԴԽ-ի եւ ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ, Մակյանը պատասխանեց. «Իշխանության կամ իշխանության մեջ գտնվող որեւէ անձի ազդեցություն զրո է. ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Բացարձակ որեւէ միջամտություն չկա: Բնականաբար, դատավորները վակուումում չեն ապրում, հանրային ճնշումներ, միգուցե մամուլի հրապարակումներ կարող են լինել, որ ասենք, դատավորը նայի, տեսնի եզրահանգումներ անի: Բայց ամեն դատավորի անձնական քաջության ու խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»:
Նշենք, որ Ընդհանուր ժողովի օրակարգը բավականին հագեցած է. դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։











