Ես չեմ լսել, որ երկրի ղեկավարը վերջին մեկ տարում որեւէ վատ ազդակ ուղարկի դատական համակարգի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:
«Հետեւաբար, կարծում եմ՝ երեւի կա առողջացում: Ես կարծում եմ, որ դատական համակարգը դրական առումով բավականին փոխվել է եւ ոչ միայն մեկ տարում, այլ 20-30 տարիների ընթացքում: Ամեն օր դատական համակարգը դեպի առողջացում է գնում, անկախացում է գնում, որի համար ուրախ եմ:
Բնականաբար քաղաքական իշխանությունից ազդակները կան, դրանք թաքցված չեն, որ դատական իշխանությունը պետք է առավել անկախ լինի իշխանության մյուս թեւերից: Դատական համակարգն էլ համաքայլ գնում, ազդակներն ընդունվում են: Բայց դրանք ոչ թե միջամտություններ են, այլ քաղաքական իշխանության որդեգրած կուրս, որ իշխանության այս ճյուղը համահունչ աշխատի այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել երկրում: Այդ փոփոխությունները ձեզ համար էլ ակնհայտ են»,-ասաց նա:











