Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին երկար ժամանակ անազատության մեջ են պահել, հայտնում է ISNA գործակալությունը։
«Բեն Լադենը վաղուց է սպանվել։ Ես հաստատ տեղեկություններ ունեմ, որ ամերիկացի զինվորականները երկար ժամանակ պահել են բեն Լադենին։ Նրանք նրան հիվանդության են հասցրել եւ ամերիկացիների կողմից սպանվելու օրը բեն Լադենը հիվանդ է եղել»,- Ահմադինեժադի հայտարարությունն է մեջբերում ISNA-ն։
«Այն, ինչ արեց ԱՄՆ նախագահը, ուղղված էր ներքաղաքական կյանքում օգուտ ստանալուն։ Այլ խոսքով, նրանք բեն Լադենին սպանեցին Օբամայի՝ երկրորդ ժամկետում վերընտրվելու համար»,- կարծում է Ահմադինեժադը։
Նշենք, որ ամերիկյան ղեկավարության հայտարարությունների համաձայն՝ բեն Լադենն ամերիկացիների կողմից ոչնչացվել էր մայիսի 2-ին՝ Պակիստանի մայրաքաղաքի ոչ հեռու գտնվող Աբոտաբադում։



























