2011 թ. խոշոր հարկատուների ցանկում անակնկալ հայտնվել է իրանական կապիտալով աշխատող «Մելլաթ բանկը»՝ վճարելով 190 մլն դրամ եւ զբաղեցնելով ընդհանուր հարկատուների ցանկում 88-րդ հորիզոնականը։ Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։
Նախորդ տարվա համեմատ այս բանկը 5,5 անգամ ավելացրել է վճարված հարկերի ծավալը։ «Մելլաթ բանկը»՝ առաջին անգամ է հայտնվում 100 խոշոր հարկատուների ցանկում։
Նշենք, որ 2011 թ. առաջին եռամսյակում 11 առեւտրային բանկեր տեղ են զբաղեցրել խոշոր հարկատուների առաջին եռամսյակում։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այդպիսի «հաջողակ» բանկերի թիվը 6-ն էր։ Սակայն խոշոր հարկատու բանկերի կառուցվածքում այս տարի տեղի են ունեցել էական փոփոխություններ։
Առեւտրային բանկերի մեջ ամենախոշոր հարկատուն առաջին անգամ դարձել է «ՎՏԲ Հայաստան բանկը»՝ վճարելով մոտ 576 մլն դրամ։ Այս բանկը նախորդ տարվա համեմատ 1,6 անգամ ավելի հարկ է վճարել։
2010 թ. բանկերի մեջ խոշորագույն հարկատուն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» էր, որը այս տարի զգալիորեն պակասեցրել է վճարված հարկերի ծավալը։ Եթե 2010 թ. առաջին եռամսյակում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» վճարել էր մոտ 750 մլն դրամ հարկ, ապա այս տարի՝ ընդամենը 480 մլն դրամ։




























