Հարավային Կովկասի «տարածաշրջանի դեմքը» կարող են փոխել մի քանի խնդիրներ` ղարաբաղյան, իրանական եւ Կասպից ծովի բաժանումը: Այդ մասին հայտարարել է Ռազմական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

Նրա խոսքով, Ղարաբաղը միշտ մնում է պահեստում, նրանց համար, որպեսզի իրար մեջ կռվեցնի նրանց, ովքեր «այնքան էլ չեզոք են այլ` իրանական եւ կասպիական թեմաներում»:

«Մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը, առկա սարսափելի ռիսկերի պայմաններում, գնա Ղարաբաղի վերադարձման ուժային տարբերակի, եւ դա չստացվի: Ղարաբաղը փակ անկլավ է, ուստի Ադրբեջանը կմնա նույն քաղաքական ձեւաչափում, որոշակի աշխարհագրական ընդլայնմամբ, բայց ստանալով թեժ Կովկաս: Չեմ բացառում, որ նրանից փորձեն խլել Նախիջեւանը, «որպես բարոյական եւ տարածքային փոխհատուցում»,- նշել է քաղաքագետն ու հավելել. «Պարզ ասած, վերաինտեգրված Ղարաբաղը Մեծ Կովկասի տոտալ պայթյունն է` առանց կանխատեսելի հետեւանքների»: