Վրաստանի ԱԳ նախարարությունը չի կասկածում Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի ողջամտությանը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը:

Այս մասին  այսօր` մայիսի 16-ին մամուլի ասուլիսի  ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Նրա խոսքով, ԱԳ նախարարությունը  ոչ մի պաշտոնական տեղեկատվության չեն տիրապետում այն մասին, որ Ադրբեջանում բնակվող վրացիները ստորագրություն են հավաքում, իրենց վիրավորելու համար Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին դեսպանի պաշտոնից զրկելու պահանջով:

«Մեզ դեռ ոչ ոք չի դիմել: Մենք դեռ եզրահանգումներ չենք անի, մինչեւ չպարզվի, թե ով կամ ինչն է կանգնած նման մեղադրանքի հետեւում,  չնայած, մենք  նրա ողջամտությանն ու բարեխղճությանը չենք կասկածում»,-հայտարարել է Կալանդաձեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքում` Սաինգիլոյում բնակվող էթնիկ վրացիները պահանջել են պաշտոնից ազատել Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին: Նրանք ստորագրահավաք են սկսել` ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին ներկայացնելու համար:

Ըստ տեղացիների, դեսպանն անուշադիր է իրենց խնդիրների նկատմամբ: Ավելին, ինչպես պնդում են Ալիբադի գյուղի բնակիչները, նա մի օր հարբած եկել է գյուղ եւ վիրավորական արտահայտություններ արել տեղացիների հասցեին, որոնց վրացական դպրոց եւ մանկապարտեզ էին ուզում:

«Դեսպանը մեզ ասաց, նախ որոշեք` վրացի՞ եք, թե՞ ադրբեջանցի, ապա դպրոց եւ մանկապարտեզ պահանջեք»,- պնդում են տեղացիները: Վրաստանի պաշտոնական իշխանությունները չեն մեկնաբանում իրավիճակը: